10 փետրվարի 2010 - 21:27 AMT
Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի մշակութային կապերի ամրապնդումը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջեւ մշակութային կապերի ամրապնդումը, նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգեւոր, մշակութային ոլոտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ թվում նշելով նաեւ վերջերս Երեւանում տեղի ունեցած հայ-իրանական միջկա֊ռավարական հանձնաժողովի 9-րդ նիստը` ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի համանախագահությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այս օրերին Թեհրանում կազմակերպվող ARMEX 2010 տնտեսական ֆորումին` Հայաստանի եւ Իրանի գործարարների մասնակցությամբ:

Անդրադառնալով հայ-իրանական մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակին` զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա փոխհամագործակցության հետագա զարգացման համար:

Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իրանի տարածքում հայկական պատմական եւ հոգեւոր կենտրոնների պահպանման հարցում ԻԻՀ պատկան մարմինների գործունեության մասին: Վարչապետը բարձր է գնահատել նաեւ Իրանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ եւ օգտվելով առիթից` շնորհավորել է իրանական պատվիրակությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 31-րդ տարեդարձի կապակցությամբ: