3 մարտի 2010 - 16:40 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հուսով է, որ դա իր արդյունքը կտա: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրուլին:

«Ինչպես անցած շաբաթ հայտարարեց պետքարտուղար Քլինթոնը, մենք կարծում ենք, որ գործընթացը կօգնի Թուրքիային ու Հայաստանին գնահատել պատմական փաստերը, այսինքն, այն, ինչ կատարվեց նախորդ դարասկզբին: Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, սակայն մենք կշարունակենք խորհրդատվությունները բարձր մակարդակով երկրներից յուրաքանչյուրի հետ եւ հորդորում ենք նրանց, որպեսզի գործընթացը, որն ավարտվեց անցյալ տարի Շվեյցարիայում, գործիք դառնա երկու կողմերի գործողությունների համար»,-նշել է Քրոուլին:

Նա նաեւ ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բխում է երկու երկրների եւ տարածաշրջանի շահերից: Մենք չենք կարող նայել, թե ինչպես է գործընթացն առաջ ընթանում, թե ինչպես է ինչ-որ մեկը համարում, թե հակառակ կողմը միավորներ է կորցնում: Ես կրկնում եմ, որ մենք խորհրդատվություններ ենք անցկացնում բարձրագույն մակարդակով` պետքարտուղարը, պետքարտուղարի տեղակալներ Սթեյնբերգը եւ Բերնսը, օգնական Ֆիլ Գորդոնը մշտապես հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հետ: Պետքարտուղար Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ Դոհայում: Մենք հասկանում ենք, որ սա դժվարին ու զգացական գործընթաց է, քանի որ ժողովրդների միջեւ համաձայնություն չկա այն հարցում, թե ինչ է կատարվել 90 տարի առաջ: Սակայն մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների համարձակ քայլերը եւ կշարունակենք սատարել նրանց առաջ ընթանալու իրենց ձգտման մեջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: