Դիլիջանը Հայաստանի տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնը կդառնա

Դիլիջանը Հայաստանի տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնը կդառնա

PanARMENIAN.Net - Դիլիջանում ֆինանսակրթական կենտրոնի կառուցման աշխատանքները կավարտվեն երեք տարուց, ՀՀ Տավուշի մարզում լրագրողներին հաղորդեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Հուսով եմ, որ ապագայում այդ քաղաքը տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնի կարգավիճակ կստանա»,- ասաց նա: Նրա խոսքով, 2009 թվականին ճգնաժամի պայմաններում այդ նախագծի իրականացման գործընթացները դանդաղեցվել էին, իսկ որոշ նախագծեր` հետաձգվել:

Հայաստանի մարզերի հավասար զարգացման ուղղությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում ծրագրվում է Դիլիջան քաղաքը տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնի վերածել, ինչի կապակցությամբ Կենտրոնական բանկի մի մասն այդ քաղաք կտեղափոխվի: «Դա խթան կծառայի այն բանկերի համար, որոնք մեծ մասամբ ներկայացված են լինելու Դիլիջանում»,- նշեց Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, այդ մասին վկայում է այն գործոնը, որ քաղաքում արդեն 4 մասնաճյուղ կա, որոնց թվում` մարտի 5-ին այստեղ նոր մասնաճյուղ բացեց Ամերիաբանկը, իսկ մոտակա 2 ամիսների ընթացքում եւս մեկը կբացի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: Բացի դրանից, Ջավադյանի խոսքով, եւս երեք բանկեր ԿԲ-ին հայտեր են ներկայացրել իրենց մասնաճյուղերի գրանցման համար:

Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---