9 մարտի 2010 - 15:14 AMT
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մարտի 12-ին ժամանելու է Հայաստան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2010-ի մարտի 12-ին ժամանելու է Հայաստան: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է կառավարության մամլո ծառայությունը:

Մամլո ծառայությունից նաեւ տեղեկացրել են, որ երկու երկրների վարչապետերի պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունենալու հանդիպում հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը, Լեհաստանի վարչապետը երեքշաբթի երեկոյան քառօրյա այց է կատարելու, որի ընթացում Հայաստանից բացի լինելու է նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում:

Լեհաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումների եւ բանակցությունների գլխավոր թեմաները երեք կովկասյան պետություններում լինելու են «Արեւելյան գործընկերությունը», Կովկասում տիրող քաղաքական իրավիճակը եւ էներգետիկ քաղաքականությունը: