22 մարտի 2010 - 12:27 AMT
ԼՂՀ ՊՆ. Մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը 98 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից 98 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը։ Բացի տարբեր տեսակի հրաձգային զենքերից՝ ադրբեջանական զորամիավորումները կրակ են բացել «ՍՎԴ» եւ հատուկ նշանակության «Չորյանա ստրելա» մեծ տրամաչափի ինքնաձիգներից: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Մասնավորապես մարտի 15-ին ղարաբաղյան զինված ուժերի հարավարեւելյան դիրքերի ուղղությամբ դիպուկահարները 13 կրակոց են կատարել։ Տասնյակ նման դեպքեր են արձանագրվել շփման գծի այլ հատվածներում։ «ԼՂՀ եւ Հայաստանի զինված ուժերի կողմից պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,-ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ԼՂՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սահմանային գոտում արձանագրել են հակառակորդի օդային ուժերի ուսումնական թռիչքներ։ ԼՂՀ օդային տարածքի խախտում չի արձանագրվել։