22 մարտի 2010 - 14:23 AMT
Էրդողան. Մեր նպատակը հարաբերությունների կարգավորման ճանապարհով միասնության եւ համերաշխության ոգին զարգացնելն է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, որը գլոբալ առումով խաղաղության, արդարության, կայունության եւ բարգավաճման գաղափարների հաստատման կողմնակից է, հատուկ ուշադրություն է դարձնում իր սեփական քաղաքացիների նկատմամբ այդ սկզբունքի կիրառման վրա:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը Դոլմաբախչե պալատում հանդիպում է անցկացրել կինոյի եւ թատրոնի արտիստների, ռեժիսորների եւ պրոդյուսերների հետ, որի ընթացքում նշել է, որ արվեստի գործիչներն իրենց ստեղծագործություններով ձգտում են գեղարվեստական մեթոդներով երեւան հանել արդի խնդիրները:

Վարչպաետ Էրդողանն ասել է հետեւյալը. «Մեր նպատակն է զարգացնել միասնության եւ համերաշխության ոգին, հարաբերությունների կարգավորման ճանապարհով անցկացնել սոցիալական ռեաբիլիտացիա եւ ամրապնդել եղբայրության մթնոլորտը», հաղորդում է TRT Russian-ը:

Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն 100 հազար հայաստանցի անօրինական ներգաղթյալներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը: