Ֆարս թե դատ` քննվում է Թեղուտի հայցը

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչական դատարանում ռեկորդային արագ ժամանակամիջոցում ավարտվեց ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպության հայցի դատական գործընթացը: Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության

(մտնում է ,Vallexե-ի խմբի ընկերությունների մեջ)՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատմանը: Հայցը քննելու երկու մերժումներից հետո Վարչական դատարանն այն վարույթ ընդունեց միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ առաջին նիստը նշանակելով մարտի 23-ին: Նիստին ներկա էին հայցվոր կողմի ներկայացուցիչները, «Էկոդար» կազմակերպությունը, երրորդ կողմը՝ «Vallex» խմբի ընկերությունները, սակայն ներկա չէին կառավարության ներկայացուցիչները, հաղորդում է ԷկոԼուրը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ժամը 11:00-ին դատավոր Արծրուն Միրզոյանը բացեց եւ գործնականորեն անմիջապես փակեց նիստը՝ կողմերից ոչ մեկին խոսք չտրամադրելով: Դատավորը հայտարարեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 110 հոդվածի հիման վրա ինքն իրավունք ունի կիրառել արագացված դատավարության ընթացակարգ եւ որոշումը կկարդա մարտի 24-ին՝ ժամը 15:15, առանց դատաքննության անցկացման:



Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, ով ներկայացնում է հայցվոր կողմին, օրենքը նախատեսում է արագացված դատավարության կիրառում այն դեպքում, եթե հայցը կամ բացահայտ հիմնավորված է, կամ բացահայտ հիմնավորված չէ: Այս դեպքում հայցադիմումում վիճարկվում են բազմաթիվ փաստեր, եւ առկա են փաստաթղթեր,

որոնք հայցվոր կողմը ներկայացրել է որպես ապացույց: Փաստացիորեն դատարանը հրաժարվեց ուսումնասիրել այդ ապացույցները: Ըստ օրենքի՝ պատասխանող կողմը, եթե պետական մարմին է, պարտավոր է տրամադրել հայցադիմումի պատասխան, ինչպես նաեւ տրամադրել տվյալ գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը:

«Պատասխանող կողմը ոչ միայն ներկայացուցիչ չուղարկեց դատական նիստին, այլ նաեւ չներկայացրեց ո՛չ պատասխան, ո՛չ փաստաթղթեր, այսինքն՝ փաստացիորեն չվիճարկեց մեր կողմից բերված փաստերը: Օրենքով դատարանը կարող է համարել, որ մեր կողմից ներկայացված ապացույցները պատասխանողի կողմից ընդունվում են: Կարելի է ենթադրել, որ այդ ֆարսի նպատակը հանգամանքները թաքցնելն է, որոնք անպայմանորեն մակերես դուրս կգային, եթե հրապարակային դատավարությունը տեղի ունենար»,- ասել է փաստաբանը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

Բնապահպանները պնդում են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման դեպքում (Լոռու մարզ) բոլոր հարող տարածքները կվերածվեն «մեռյալ գոտու»: Վերջին 15 տարում Հայաստանում զանգվածային անտառհատումների արդյունքում պահպանվել է անտառային տարածքի միայն 6 տոկոսը: Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում կոչնչացվի կուսական անտառի շուրջ 600 հա, ինչն, իր հերթին, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի ֆլորայի ու ֆաունայի վրա:

Աղբյուր. «Էկոլուր»
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---