Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ շարունակում է այն կարծիքին մնալ, որ Թուրքիային հարկավոր չէ լիարժեք անդամակցություն տրամադրել ԵՄ-ում: Անկարա կատարած պաշտոնական այցի առաջին օրը նա ասել է նաեւ, որ Թուրքիան չպետք է բացասական տեսակետից դիտարկի «արտոնյալ կարգավիճակի» առաջարկը: Հանդիպմանը, բացի այդ, դրսեւորվեցին տարաձայնություններն Իրանի ու Կիպրոսի հարցում, ինչպես նաեւ Գերմանիայում թուրք երեխաների թուրքերենով սովորելու հարցում:

Բոլոր կարեւոր հարցերի շուրջ կանցլեր Մերկելն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանը տարբեր տեսակետներ են հայտնել: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ հնարավոր է համարում Թուրքիայի ինտեգրումը ԵՄ օրենսդրության 28 եւ 35 կետերով, որոնց պետք է համապատասխանի երկիրը, դաշինքի լիիրավ անդամ դառնալուց առաջ:

Անկարայում համատեղ մամլո ասուլիսից առաջ նա հայտարարել է, որ «խաղի կանոնները փոխվել» են 2005 թվականից: «Անդամակցության մասին բանակցությունները մի գործընթաց է, որ վերջնական ամսաթիվ չունի: Ես գտնում եմ, որ մենք պետք է աշխատնեք այդ գործընթացի վրա»,-ասել է նա: Վարչապետ Էրդողանը ոչինչ չասաց, սակայն նախկինում նա հայտնել է իր վրդովմունքն այն առնչությամբ, որ «կանոնները փոխվում են խաղի ընթացքում»:

Թուրքիայի կառավարությունը վճռականորեն մերժում է Գերմանիայի առաջարկը որպես պայմանների խախտում, որոնք համաձայնեցվել էին հինգ տարի առաջ բանակցությունների մեկնարկի պահին:

Անգելա Մերկելի այցը հազիվ թե օգուտ տա ԵՄ-ի ու Թուրքիայի առանց այդ էլ դժվարին հարաբերություններին: Իրանի վերաբերյալ Մերկելը ցանկանում է հասնել նրան, որ Անկարան սատարի միջազգային պատժամիջոցներին, այն դեպքում երբ Էրդողանն անվանում է դրանք հակաարդյունավետ ու երկերեսանի: Թուրքիան վերջերս ամրապնդել է իր հարաբերություններն Իրանի հետ եւ դեմ է հանդես գալիս առավել կոշտ պատժամիջոցներին, որոնցով սպառնում են Իրանին արեւմտյան երկրների կառավարությունները:

Երկու երկրների նախագահները համաձայնության չեն եկել նաեւ Կիպրոսի հարցում: Գերմանիայի կանցլերը կոչ է արել շուտափույթ կերպով լուծել Թուրքիայի կողմից կիսված կղզու կառավարությունը ճանաչելու հարցը, հաղորդում է BBC News-ը:

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---