Հարութ Սասունյան. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Անկարան հենց վաղը կվավերացնի Արձանագրությունները

Հարութ Սասունյան. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Անկարան հենց վաղը կվավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում և հանձնի Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքները, ապա Թուրքիան արդեն վաղը կվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը երբեք անկեղծ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: “Թուրքերը երբեք շահագրգռված չեն եղել Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատման հարցում: Նրանք օգտագործում են Արձանագրությունները, որպեսզի ավելի շատ զիջումներ ստանան Երևանի կողմից Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում”,- ասել է Սասունյանը: Նա հիշեցրեց, որ կես տարուց ավել Արձանագրությունները գտնվում են թուրքական խորհրդարանում, բայց Թուրքիան նույնիսկ մտադիր չէ մոտ ապագայում վավերացնել Արձանագրությունները:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին` The California Courier-ի հրատարակիչը հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունները խոչընդոտում են այդ գործընթացին: “Դրա վառ օրինակը հետևյալն է. այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ: Նույնը տեղի է ունեցել նաև Շվեդիայում”,- ասել է Սասունյանը, հիշեցնելով, որ 7 տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունել էր նույնանման բանաձև 40 “կողմ” և 7 “դեմ” ձայներով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---