Երևանում և Ստեփանակերտում տեղի կունենան իսպանահայ տենոր Վահրամ Թադևոսյանի համերգները

Երևանում և Ստեփանակերտում տեղի կունենան իսպանահայ տենոր Վահրամ Թադևոսյանի համերգները

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա իսպանահայ տենոր Վաննո Թադեոյի (Վահրամ Թադևոսյան) համերգը:

“Առաջին մասում կհնչեն Վերդիի և Պուչինիի ստեղծագործությունները: Երկրորդ մասը նվիրված կլինի միայն հայկական երաժշտությանը: Կհնչեն ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ ժողովրդական ու էստրադային երգեր”,-նշել է տենոր Վահրամ Թադևոսյանը ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Նա ասել է, որ նրա երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 7-ին Ստեփանակերտում: Այն նվիրված կլինի Շուշիի ազատագրման օրվան:

“Համերգների ողջ հասույթը կփոխանցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնմանը”,-ասել է նա` հավելելով, որ համերգները կնպաստեն Հայաստանի և սփյուռիք միջև կապերի ամրապնդմանը:

ՀՀ սփյուռիք նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Նադյա Անտոնյանը, շնորհակալություն հայտնելով երգչին աջակցության համար, նշել է. “Հայի ինքնությունը պահպանում են ոչ միայն Հայաստանի ու սփյուռքի միջև տնտեսական հարաբերությունների, այլ նաև մշակութային արժեքների պահպանման, զարգացման ու տարածման շնորհիվ: Բացի այդ, մենք կկարողանանք ևս մեկ անգամ վայելել Վահրան Թադևոսյանի բարձր արվեստը”:

Համերգների կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

1996 թվականին հայտնի տենոր Վահրան Թադևոսյանը (Վաննո Թադեո) հրավիրվեց Բարսելոնա և Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի աջակցությամբ մասնակցեց Ֆ.Վինիասի անվան միջազգային մրցույթին, որտեղ ստացավ դիպլոմ և Վերդիի անվան մրցանակ: Վերջին 8 տարիներին նա բնակվում է Իսպանիայում, հանդես է գալիս լավագույն եվրոպական բեմերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---