ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահը Ռուսաստանից կայցելի Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահը Ռուսաստանից կայցելի Բաքու

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ռուսաստանցի համանախագահը ժամանել է Բաքու: Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ է դարձել Իգոր Պոպովը: Նա ժամանել է Բաքու նախորդ համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Նոր համանախագահը նշել է, որ կաշխատի իր ավանդը ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: “Շարունակվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման արագացված գործընթացը: Ես իմ գործունեությունը համանախագահի պաշտոնում կուղղեմ հակամարտության շուտափույթ կարգավորմանը և կշարունակեմ գործունեությունս այն տեղից, որտեղ կանգ է առել նախորդ դիվանագետը: Ռուսաստանի դիքրորոշումն այս հակամարտության վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ: Կարևորը բանակցությունների բարձր ակտիվությունը չկորցնելն է”,-ասել է Պոպովը:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն կժամանի Ադրբեջան այսօր ցերեկը: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն այս անգամ չի միացել իր գործընկերներին: Համանախագահները կբանակցեն Ադրբեջանի պաշտոնյաների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Ի.Պոպովը ծնվել է 1945թ.: 1976-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: 2000թ. նշանակվել է ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի փոխտնօրեն: Ունի 2-րդ աստիճանի արտակարգ և լիազոր դեսպանի կոչում: ՌԴ նախագահի հրամանագրով 2005թ. հուլիսի 15-ին նշանակվել է ՌԴ դեսպան Մոզամբիկում: 2006թ. ի վեր նա կատարել է նաև Սվազիլենդում Ռուսաստանի դեսպանի պարտականությունները:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---