ՀՀ փոխվարչապետն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած լրագրողներին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած լրագրողներին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած լրագրողների խմբին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ Հայաստանում գտնվելու օրերին նրանց կհաջողվի բացահայտել մեր երկիրը եւ իրենց տպավորությունները կփոխանցեն նաեւ ԱՄԷ-ի հանրությանը:

Փոխվարչապետը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին, համագործակցության ուղղություններին, Հայաստանի եւ արաբական երկրների գործակցությանը, տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններին եւ այլն:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` փոխվարչապետը նկատեց, որ առկա են առեւտրային լուրջ կապեր եւ ներկայումս փորձ է արվում պահպանելով դրանք` ակտիվացնել նաեւ տնտեսական բաղադրիչն ու ձեւավորել երկկողմ ուղղությամբ զարգացող առեւտրատնտեսական հարաբերություններ: Այդ նպատակի համար նա կարեւորեց ԱՄԷ-ից Հայաստան ներդրումների ներգրավումը եւ հայկական արտադրանքի արտահանումը արաբական շուկա, քանի որ ներկայումս առեւտրային հարաբերություններն ավելի շատ միակողմանի բնույթ ունեն` ԱՄԷ-ից ապրանքների ներմուծման տեսքով: Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԱՄԷ-ի եւ Ծոցի երկրների հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին` նշելով, որ մեծ ներուժ կա գյուղատնտեսության, էներգետիկայի, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, շինանյութերի արտահանման, տուրիզմի ոլորտներում: Գործակցության լուրջ հեռանկարներ են ուրվագծվում նաեւ մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում. արդեն այս տարի Հայաստանից 10 ուսանողներ կվերապատրաստվեն Աբու Դաբիի բարձրագույն տեխնոլոգիական քոլեջում:

Ա. Գեւորգյանը նշեց, որ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը, որի հայկական կողմի կազմն արդեն ձեւավորված է, եւ առաջիկայում իր կազմը կունենա նաեւ արաբական կողմը: Շփումների մյուս հարթակը կարող է լինել գործարար կառույցների միջեւ ուղիղ գործակցությունը:

Փոխվարչապետը կարեւորեց նաեւ լրատվամիջոցների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ հույս հայտնեց, որ լրագրողները եւս իրենց գործունեությամբ կնպաստեն դրան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---