Վրաստանցի փորձագետը Ղարաբաղում պատերազմի վերսկսման սպառնալիք է զգում

Վրաստանցի փորձագետը Ղարաբաղում պատերազմի վերսկսման սպառնալիք է զգում

PanARMENIAN.Net - Խաղաղապահ գործընթացները Հարավային Կովկասում համարժեք չեն այս կամ այն խնդրի բուն կառուցվածքին և հաճախ կողմերը, որոնք անմիջական կապ ունեն հակամարտության հետ, իրենք չեն մասնակցում խնդրի լուծմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է վրաց փորձագետ, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսեցկին: «Ստացվում է, որ խաղաղապահ համարվող գործընթացները այդպիսիք չեն: Այդ խնդիրների պատճառները հարկավոր է որոնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, որտեղ չեն մշակել հակամարտությունների իրական գնահատման լուրջ մեխանիզմներ»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, հենց այդ խաղաղապահ գործընթացներն են արգելակում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Այս համատեքստում Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում խաղաղապահ գործընթացների ժողովրդավարացումը, ինչը կապահովի հակամարտության մեջ ներքաշված կողմերի մասնակցությունը:

Ըստ Ա.Ռուսեցկու, այդ խնդիրների կարգավորման համար հարկավոր է ուսումնասիրել հակամարտության գաղափարական պատճառները, ոչ թե շեշտը դնել ազգային բնույթի վրա: «Հարկավոր է ապազգայնացնել տարածաշրջանային հակամարտությունները: Մենք պետք է հասկանանք, որ միշտ կլինեն սուբյեկտներ, որոնք շահագրգռված կլինեն նրանում, որ հակամարտությունները մնան չկարգավորված, ինչը արգելակում է տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը: Պետք է մշակել ընդհանուր մոտեցում տարածաշրջանային համագործակցության համար»,-ասել է փորձագետը` ընդգծելով, որ նման մոտեցումը, ցավոք, բացակայում է Հարավային Կովկասի երկրների քաղաքական առաջնորդների մոտ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Ռուսեցկին նշել է, որ այդ երկխոսությունը նախաձեռնվեց այն բանից հետո, երբ Թուրքիան տեսավ Հարավային Կովկասում ռուսական գործոնի ամրապնդման վտանգը` Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` փորձագետը հայտարարել է, որ նկատվում է հայ-թուրքական երկխոսության սառեցում, սակայն միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ Հայ-թուրքական արձանագրությունները լավ հիմք են ստեղծել խդնրի կարգավորման համար:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Ռուսեցկին ասել է, որ դեռ հավատում է խնդրի խաղաղ լուծմանը: «Սակայն մենք պատերազմի վերսկսման վտանգ ենք զգում ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ նաև վրաց-ռուսական շփման գծում: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, կարելի է իրականացնել նաև այլ խաղաղ գործընթացներ»,-ասել է նա: Ըստ Ռուսեցկու, ԼՂՀ բնակչությունն ու ղարաբաղցիները պետք է մասնակցեն խաղաղ գործընթացին և իրենք որոշեն իրենց ճակատագիրը:

Գնահատելով Իրանի դերը տարածաշրջանային գործընթացներում, փորձագետն ասել է, որ Թեհրանը տարածաշրջանային անվտանգության կարևոր տարրն է, սակայն նրա դերը գերագնահատվում է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---