Այս տարի Թանգարանների միջազգային օրն կանցնի «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո

Այս տարի Թանգարանների միջազգային օրն կանցնի «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: «Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում անցկացվելու է «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո: - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը:

Այդ օրը բոլոր թանգարանները հասարակության առջև կբացեն իրենց դռները, որտեղ կանցկացվեն հատուկ միջոցառումներ: «Սոցիալական ներդաշնակության սկզբունքը թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիությունն է հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հասմիկ Հարոյանը:

Միջոցառումների կազմակերպման գործի մեջ ներգրավվել են Գաֆեսճյան մշակութային կենտրոնը, «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Գաֆեսճյան մշակութային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մարաբյանն ասել է, որ թանգարանների տարածական խնդիրների բարելավմանն ուղղված այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: «Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց թանգարանները իրենց ճարտարապետական առումով կվերափոխվեն, և հաշմանդամներն այլևս բարդություններ չեն կրի թանգարաններ այցելելիս»:

ICOM-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ վերջին ժամանակներում թանգարաններում աճել է հասարակական կազմակերպությունների դերը: «Վերջերս մենք Ազգային պատկերասրահում հատուկ կույր և թույլ տեսողությաբ երեխաների համար կարողացանք էքսկուրսիա կազմակերպել` «Ճանաչենք քանդակագործության արվեստը» խորագրով: Ամբողջ աշխարհում այդպիսի միջոցառումներ անում են»:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասել է, որ կազմակերպությունն այդ ակցիայի կազմակերպման հաջողության համար ուրախ է: «Ես վստահ եմ, որ հաշմանդամների համար թանգարանների վերակառուցումը կարելի է դիտարկել որպես լավագույն ներդրում. քանի որ այն կարող է ապահովել զբոսաշրջիկների նոր հոսք, ովքեր համոզված կլինեն, որ Հայաստանում թանգարանները պատշաճ մակարդակի վրա են գտնվում»: Նա նաև նշել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը խոստացել է, որ հաջորդ տարվա ապրիլին համալիրի ողջ տարածքը մատչելի կլինի տեղաշարժման բարդություններ ունեցողների համար»:

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Գաֆեսճյան մշակութային կենտրոնում ելույթով հանդես կգա «Փարոս» երգչախումբը, որը կկատարի Ա. Վիվալդիի «Գլորիա» կանտատը:

Թանգարանների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1977 թ., երբ ICOM-ն ընդունել էր Ռուսաստանի մշակութային կազմակերպության առաջարկն այդպիսի տոն սահմանելու մասին: 1978 թ.-ից սկսած ամեն տարի այդ տոնը նշվում է 150 երկրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---