Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման համար կպահանջվի 2,5 մլն ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - «Նուբարաշենից վերցված բնահողի 15 նմուշի լաբորատորիական ուսումնասիրությունները` դրանց մեջ թունավոր նյութերի առկայությունն ստուգելու համար, բացասական արդյունք են տվել», - հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսագիտության բաժնի պետ Կարինե Եսայանը` մայիսի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա ընդգծել է, որ մոնիտորինգ է անցկացվելու նաև հետագայում, և եթե հետազոտվող նմուշներում հայտնաբերվեն վնասակար նյութեր, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

«Ստեղծված արտակարգ իրավիճակն ստիպել է նախարարությանը վերանայել ծախսերը և ՀՀ կառավարությանը առաջարկ ներկայացնել` 2010 թ. բյուջեն վերանայելու մասին», - ասել է ԱԻԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Յեմիշյանը: Նա ընդգծել է, որ թունաքիմիկատների ոչնչացման համար մեծ գումարներ են հարկավոր: Այդ հարցում Հայաստանին պետք է օգնեն միջազգային կառույցները: Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը այդ նպատակով տրամադրել է մոտ 31 մլն դրամ, որը ծախսվելու է արգելափակման և արգելող նշանների տեղադրման համար, ինչպես նաև ջրահեռացման համակարգը փոխելու համար:

Հայաստանի բնապահպանության նախարարության բյուջետային ծրագրերի բաժնի պետ Ռոման Չոբանյանն ասել է, որ այսօր գլխավոր նպատակը թունաքիմիկատների լիարժեք ոչնչացումն է:

Ըստ փորձագետների, թունաքիմիկատների ոչնչացման համար Հայաստանը պետք է ծախսի 2,5 մլն ԱՄՆ դոլար` չհաշված դրանց տեղափոխման ծախսերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---