Արմեն Աշոտյան. Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը

Արմեն Աշոտյան. Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Հայաստանի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ քննարկել է երկու երկրներում կրթությանը վերաբերող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը: Նա ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ կրթության նախարարի հետ կայացած հանդիպումն անցել է արդյունավետ և այսօր արդեն տվել իր պտուղները: Մասնավորապես, Աշոտյանը նշեց Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Օսմանագիտություն» մասնագիտությամբ հայ երիտասարդներին կրթաթոշակ տրամադրելու փաստը

Անդրադառնալով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին` նախարարը նշել է. «Եթե ձևավորման փուլում համալսարանը դիտարկվում էր որպես հայ-ռուսական կրթական համագործակցության խորհրդանիշը, ապա այսօր այն հանդիսանում է Հայաստանում գործող առաջատար, բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկը, որն ապահովում է կրթության բարձր որակ և մրցակցություն»: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՀՀ կրթական ոլորտում ռուսական կողմի կատարած ներդրումների կապակցությամբ:

Նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև միջպետական համաձայնագրով նախատեսված ՌԴ կողմից տրամադրվող կրթաթոշակների խնդիրը: Նախարարը նշել է, որ այս տարի ևս դրանց մի մասը թափուր է մնացել և առաջարկել մասնագիտությունների ցանկը հաստատելուց առաջ դրանք քննարկել նաև հայկական կողմի հետ` դրանք Հայաստանի կրթական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Քննարկվել է նաև թափուր մնացած տեղերն այլ ուղղությամբ օգտագործելու խնդիրը:

Վյաչեսլավ Կովալենկոն իր հերթին նշել է, որ ՌԴ կառավարությունը նախատեսում է ավելացնել Ռուս-հայակական (Սլավոնական) համալսարանին տրամադրվող բյուջետային հատկացումները, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի համալրման, լաբորատոր սարքավորումների մատակարարման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-ռուսական համատեղ հանձնաժողով ձևավորելու խնդիրը` ՀՀ տարածքում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը գնահատելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու թիվ 23 դպրոցի խնդրին: Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև դեսպանին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին տասներկուամյա կրթությանը, ավագ դպրոցներին, ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպություններում ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը և այլ խնդիրների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---