Անդրես ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը

Անդրես ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ մասին Բրյուսելում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է PanARMENIAN.Net ի լրագրողը: Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների հարցում` Ռասմուսենն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն հայտարարություն արել է ընտրությունների մասին, և Հյուսիսատլանտյան դաշինքն «ի գիտություն է ընդունում այդ հայտարարությունը»: «Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի այս հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն, ավելացնելով, որ Դաշինքն ուշադիր հետևում է գործընթացի զարգացմանը: Միաժամանակ նա նշեց, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը: «Իհարկե, Լեռնային Ղարաբաղը ՆԱՏՕ-ի համար լուրջ մտահոգության առարկա է, բայց մենք մեզ այլ դերում չենք տեսնում, բացի ԵԱՀԿ ՄԽ ջանքերը պաշտպանելուց` ուղղված հակամարտության կարգավորմանը»,- նշել է Ռասմուսենը, հույս հայտնելով, որ այդ ջանքերը շուտով կտան իրենց պտուղները: «Ես նաև հույս ունեմ, որ բարձր մակարդակում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- նշել է Ռասմուսենը:

Իր հերթին Սերժ Սարգսյանն ասաց, որ իրականում Հայաստանը չի ձգտում մտնել ՆԱՏՕ: «Բայց ես ոչ հիմա, ոչ առաջ չեմ լսել, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես տեղ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, եթե հանկարծ վերսկսվեն պատերազմական գործողությունները»,- ասել է ՀՀ նախագահը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը և Ադրբեջանը ԵԽ անդամներ են, և եվրոպական կառույցներն իրականում զբաղվում են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Որքան գիտեմ, ՆԱՏՕ-ն պատասխանում է Եվրոպայի անվտանգության համար և այլ զինված ուժեր չունի: Այն, ինչ ես ասացի, չի նշանակում, որ եթե վաղը հակամարտություն լինի, ՆԱՏՕ-ն միանշանակ կգա տարածաշրջան: Բայց, կարծում եմ, որ իմ ասածը լիովին հասկանալի է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---