Իգոր Նայդին. «Հայաստանի հետ Բորոդինի քառյակին շատ բան է կապում»

PanARMENIAN.Net - «Վերջին տարիներին Բորոդինի անվ. քառյակը սերտորեն կապվել է Հայաստանին: Դա, անկասկած, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի շնորհիվ է: Սակայն խմբին Հայաստանի հետ նաև այլ օղակներ են կապում», - նշել է քառյակի ալտահար Իգոր Նայդինը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ քառյակի առաջին ուսուցիչը կամերային երաժշտության գիտակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերիյանն էր, ով քառյակի անդամներին դեռևս ուսանողության տարիներից է դասավանդել:

Նա պատմել է նաև 1980-ական թթ. նկարահանված մի ֆիլմի մասին, որը նվիրված է քառյակի 40 ամյակին: «Ֆիլմում լսվում է Մ. Տերիյանի կադրից դուրս հնչող ձայնը, որ պատմում է քառյակի յուրաքանչյուր անդամի մասին»:

Ի. Նայդինը նշել է, որ Բորոդինի քառյակի համար օրինակ է ծառայել Կոմիտասի անվան հայտնի քառյակը. «Մենք շատ բան ենք այդ քառյակից սովորել»:

Ներկայում Բորոդինի անվան քառյակի համերգացանկում կան նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Բորոդինի անվան քառյակը

Բորոդինի անվան քառյակը ռուսական լարային քառյակների շարքում առավել նշանավորներից է, նաև աշխարհում հաճախ ելույթ ունեցող կամերային անսամբլներից մեկը:

Քառյակն ստեղծվել է 1944 թ. Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային անասմբլի դասարանում` Մ. Տերիյանի ղեկավարությամբ: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1946 թ. հոկտեմբերի 10-ին` որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի քառյակ: 1955 թ. այդ քառյակը վերանվանվում է Ալեքսանդր Բորոդինի անվան;

Քառյակի պատմության ամենանշանակալի իրադարձությունը Դմիտրի Շոստակովիչի հետ համագործակցությունն էր, թեև Շոստակովիչի ստեղծագործությունների կատարումով հիմնականում հանդես էր գալիս Բեթհովենի անվ. քառյակը: Կոմպոզիտորի մահվանից հետո Բորոդինի անվ. քառյակը բազմաթիվ ելույթներ է ունենում Մոսկվայում և հյուրախաղերի է մեկնում` Շոստակովիչի ստեղծագործությունների համերգացանկով:

2002 թ. քառյակի 1996 թ.-ից գործող անդամները պարգևատրվում են ՌԴ պետական մրցանակով:

Ներկայում քառյակի կազմում են` Ռուբեն Ահարոնյանը (առաջին ջութակ), Անդրեյ Աբրամենկովը (երկրորդ ջութակ), Իգոր Նայդինը (ալտ), Վլադիմիր Բալշինը (թավջութակ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---