Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր է քննարկել Շտեֆան Ֆյուլեի հետ

Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր է քննարկել Շտեֆան Ֆյուլեի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Եվրամիության հետ համագործակցությունը ՀՀ նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունն այն դաշտն է, որտեղ կարող են հարաբերություններ զարգանալ ոչ միայն Եվրամիության հետ, այլեւ ծրագրում ներառված վեց գործընկեր երկրների միջեւ:

Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին: ՀՀ Նախագահը նշել է, որ տեղաշարժի ազատականացումը զգալիորեն կխրախուսի մարդկային շփումները, ինչն իր հերթին լավ նախադրյալներ կստեղծի տարբեր բնագավառներում իրական գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

Զրուցակիցները խոսել են նաեւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության մասին` գոհունակություն հայտնելով նրա արդյունավետ աշխատանքից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---