Բաքվի կողմից ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու փաստը շատ մտահոգիչ է

PanARMENIAN.Net - Անկասկած, մենք նման տիպի բոլոր հակամարտություններում Պետդումայի ու «Միասնական Ռուսաստան» կուսակցության մեր գործընկերների կողքին ենք և պայքարելու ենք հասարակական ու քաղաքական գործիչների տեղաշարժի ազատության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 5 ռուս պատգամավորների, շատ մտահոգող փաստ է: «Այն վկայում է, որ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հակամարտության հարցում: Իր գործողություններով Բաքուն փորձում է ստիպել բոլոր քաղաքական գործիչներին ընտրություն կատարել մի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, և մյուս կողմից` Ադրբեջանի միջև: Դիրքորոշման այդ կոշտացումն այն բանի հետևանքն է, որ, առաջինը, Ադրբեջանի տեսակետից, իրավիճակը դրական զարգացում չունի: Եվ, երկրորդը, որ Ադրբեջանը վերջին տարիներին շատ ավելի է հզորացել, առաջին հերթին, աննախադեպ աճի հաշվին, որը երբեմն գերազանցում էր 25 տոկոսը: Այդ փաստը վստահություն է առաջացնում Ադրբեջանի մոտ, որ ինքը կարող է առավել կոշտ մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հարցում` այդ թվում նաև դիվանագիտական ոլորտում: Նախկինում նման բան չկար` բազմաթիվ ռուս քաղաքական գործիչներ այցելել են Լեռնային Ղարաբաղ առանց որևէ հետեևանքների: Եվ դա դաշտ էր ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև խուսանավելու համար: Այժմ այդ դաշտը սեղմվում է, ինչպես դա տեղի է ունենում նաև բանակցային գործընթացի հետ: Թե ինչի դա կհանգեցնի, հայտնի չէ: Մյուս կողմից, հնարավոր է, որ Ադրբեջանն այնքան էլ գոհ չէ նրանից, թե ինչպես է ընթացել բանակցային գործընթացը նախորդ տարիներին»,-ասել է նա:

Մարկովը նշել է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ Ադրբեջանը բարեկամ պետություն է Ռուսաստանի համաևր, ուստի, չնայած ադրբեջանական պաշտոնական մարմինների նման կտրուկ գործողությունների, Ռուսաստանը չի գնում հակամարտության էսկալացիայի ճանապաչհով` համարելով, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ կոնկրետ հարցերի վերաբերյալ տարաձայնություններից: «Թեև, մեկ անգամ ևս կրկնեմ, մեր պատգամավորներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու փաստն ինքնին շատ մտահոգիչ է»,-ասել է Սերգեյ Մարկովը, հաղորդում է «Մատերիկ.ռու»-ն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է այն անձանց «սև ցուցակի» ստեղծման մասին, որոնց կարգելվի մուտքը երկրի տարածք: Ադրբեջանը որոշել է նման պատիժ սահմանել այն օտարերկրացիների համար, որոնք որպես դիտորդ մասնակցել են վերջերս Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին: Ցուցակում ընդգրկվել է ՌԴ Պետդումայի 5 պատգամավոր` Կոնստանտին Զատուլինը, Իգոր Չերնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան և Մաքսիմ Միշչենկոն: Բացի այդ, ցուցակում են հայտնվել նաև արգենտինացի խորհրդարանական Ժոզե Արբոն, սլովակ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, ինչպես նաև չեխ կինոռեժիսորն ու գերմանացի քաղաքագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---