Հայաստանի ԱԳ նախարարը Կանադայում հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ

Հայաստանի ԱԳ նախարարը Կանադայում հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Հայաստանի արտգործնախարարը, Կանադա կատարած այցի շրջանակներում, հյուրընկալվեց Քարլթոն համալսարանում, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ: Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ադրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպետք է օգտագործվեն որպես բանակցությունների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարության կողմից սուր ճոճելը, ռազմատենչ հայտարարությունները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլև բացահայտ հակասում են իբրև ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության բարեկեցությունը ապահովելու մտադրության մասին Ադրբեջանի կեղծ խոստումներին: Ինչ աստիճանի ցինիզմ պետք է ունենալ` խոստանալ հոգալ մեկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթե չհնազանդվի: Հնարավոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտության պատճառը`որպես կարգավորման մեխանիզմ:

Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, թե Ադրբեջանի դրոշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնավորի հիմնախնդրի կարգավորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921թ. հենց այդ դրոշի բռնի պարտադրումը Արցախին հետագա հակամարտության պատճառ հանդիսացավ»:

Նախարար Նալբանդյանը պատասխանեց նաև ներկա դիվանագետների, փորձագետների ու ուսանողների բազմաթիվ հարցերին: Ավարտելով այցելությունը` Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---