Սերժ Սարգսյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ

Սերժ Սարգսյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Դոնի Ռոստովում: Նախագահ Սարգսյանն այցելել է տեղի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, պատմա-ազգագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է. «Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին և քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով: Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջևանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը և շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար£ Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում և աշխատում են այստեղ և կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները: Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է£ Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներում, որ մայր ցամաքում էլ դրանք լինեն, ես ականատես եմ լինում Հայաստանի ու հայության խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրության ու սրտացավության£ Այս առումով` մի քանի խոսք Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին»:

Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Դուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ` Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ»:

Հայաստանի ղեկավարը խոսել է նաեւ երկրի ներքին կյանքի, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման եւ տնտեսության վերականգնման մասին:

Ավարտելով խոսքը` նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---