Անչափահասների կատարած հանցագործություններն ընթացիկ տարում 21 դեպքով ավելացել են

Անչափահասների կատարած հանցագործություններն ընթացիկ տարում 21 դեպքով ավելացել են

PanARMENIAN.Net - 2009 թ. առաջին 4 ամիսների համեմատ անչափահասների կատարած հանցագործություններն ընթացիկ տարում 21 դեպքով ավելացել են: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նա նշել է, որ 2009 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 532 դեպք, ընդ որում կատարված հիմնական հանցագործություններն են գողությունը, մարմնական վնասներ հասցնելը, շատ ավելի քիչ են առանձնակի ծանր հանցագործությունները: Մինչ օրս նման ծանր հանցագործությունների համար անչափահասների բանտում 25 անչափահաս կա: Դուրյանն ասել է նաև, որ բաժինն ընդլայնել է գործունեությունը. եթե նախկինում նրանք միայն բացահայտում և կանխարգելում էին հանցագործությունները, ապա այսօր աշխատում են նաև անչափահասների հանդեպ բռնության կիրառման կանխարգելման և անչափահասներին նման գործողությունների դրդող անձանց հայտնաբերման ուղղությամբ:

Նելլի Դուրյանը նշել է նաև, որ 7 մարզերում բացվել են անչափահասների վերականգնողական կենտրոններ: Ըստ նրա, այլ երկրների համեմատ, Հայաստանն այդ իմաստով բավական բարվոք վիճակում է: Անդրադառնալով մուրացկանության խնդրին` նա ասել է, որ փորձը ցույց է տվել, որ եթե երեխան սկսում է մուրացկանություն անել, ապա հետագայում նա նաև գողության է դիմում: Ըստ Նելլի Դուրյանի, կարելի է արձանագրել, որ հայ երիտասարդների մտածելակերպը որոշ փոփոխություններ է կրել: Եթե 1997թ. հաշվառման են վերցվել 170 մուրացիկներ, ապա 2009-ին նրանց թիվն արդեն 23 էր: Այսօրվա դրությամբ, դրամի կարիք ունեցող երիտասարդությունը գերադասում է աշխատել:

Ինչպես հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը, 2009թ. գրանցվել է անչափահասների հանդեպ բռնության 110 դեպք: Անդրադառնալով անչափահասների հանցագործություններին` նա ասել է, որ դրանք հիմնականում կատարում են տղաները , 2009թ. գրանցվել է 32 դեպք, երբ հանցագործություն են կատարել աղջիկները: Ն.Դուրյանը նշել է նաև, որ վերջին անգամ թրաֆիկինգի դեպք է գրանցվելէ 2008թ., 2009թ. գրանցվել է ինքնասպանության 28 դեպք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---