«Երևանջուր». Ջրի կորուստը Հայաստանի ջրամատակարարման համակարգի աքիլեսյան գարշապարն է

«Երևանջուր». Ջրի կորուստը Հայաստանի ջրամատակարարման համակարգի աքիլեսյան գարշապարն է

PanARMENIAN.Net - Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Խմելու ջրի որակը և ջրամատակարարման ու ջրահեռացման հարցերը Երևանուն» թեմայով կլոր սեղանը: Ինչպես հայտարարեց «Երևանջուր» ՓԲԸ վարձակալման պայմանագրի տնօրեն Վարազդատ Ավոյանը, ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս, որի մի մասը տեխնիկական կորուստներն են, ինչը պայմանավորված է համակարգի վատ տեխնիկական վիճակով, որի բարենորոգման համար հսկայական ներդրումներ են հարկավոր: Մյուս տեսակի կորուստները առևտրային են, որոնք ի հայտ են գալիս աշխատակիցների թերի աշխատանքի, անբարեխիղճ բաժանորդների և այն մարդկանց պատճառով, որոնք ապօրինի են օգտվում ջրից:

Այս առնչությամբ Ավոյանը հայտնել է, որ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվել է ջրի կորստի կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր: Ընդհանուր առմամաբ, ջրամատակարարման համակարգը կապիտալ վերանորոգման կարիք ունի: 3600 կմ խողովակներից այսօրվա դրությամբ կապիտալ վերանորոգման է ենթարկվել միայն 200 կմ խողովակ: Ըստ մասնագետների, ամբողջական վերանորոգման համար կպահանջվի մոտ 600-800 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա.Պետիկյանն ասել է, որ 2009թ. Հայաստանի ողջ տարածքում կատարվել է մանրէաբանական 89 194 հետազոտություն, որից 17 815 կամ մոտ 20 տոկոսի դեպքում նորմայից շեղում է արձանագրվել: Նա հավելել է, որ Երևանում կատարվել է 13 492 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է 162 շեղում, ինչը կազմում է 1,2 տոկոս:

Ջրի որակի բարձրացման խնդիրների թվում Պետիկյանը նշել է ողջ համակարգի վատ վիճակը, այդ թվում այն հանգամանքը, որ վթարները ժամանկին չեն հայտնաբերվում և վերացվում: Համակարգի թերություններից է նաև ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների սերտ հարևանությունը, ինչը մաշվածության դեպքում կարող է հանգեցնել երկու հոսքերի միախառնման: Ա.Պետիկյանը հավաստիացրեց նաև, որ բնապահպանության նախարարությունը ջրի որակի դիտարկում է անցկացնում և կարող է հաստատել, որ «Երևանջուրը» ապահովում է պատշաճ մակարդակի ջրամատակարարում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---