Էդվարդ Նալբանդյան Ժամանակակից Թուրքիայում որոշ առաջնորդներ չեն հրաժարվել օսմանյան շրջանի ռասիստական մոտեցումներից

Էդվարդ Նալբանդյան Ժամանակակից Թուրքիայում որոշ առաջնորդներ չեն հրաժարվել օսմանյան շրջանի ռասիստական մոտեցումներից

PanARMENIAN.Net - Ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում բազմաթիվ հայերի դժգոհությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ պայմանավորված է Թուրքիայի հանդեպ վստահության պակասով: Այդ մասին ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ներքին ճնշումներին բանակցություններից դուրս գալու պահանջով: «Կասեցման պատճառը պայմանավորված է հենց այն գործոնով, որ այսօր Թուրքիան չի կարող հարգել ձեռք բերված համաձայնությունները, իր պարտավորություններն ու խոստումները»,-ասել է նախարարը:

Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե հիաշեցնո՞ւմ է արդյոք «Թուրքիայի վարչապետ Էրդողանի հարյուրհազարավոր հայերին արտաքսելու շատ պարզ սպառնալիքը 1915-ի զոհերի ողբերգական տեղահանումները», Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այդպիսի ակնարկներն ինքնին խոսուն են: Դրանք նշանակում են, ինչն, իհարկե, ափսոսանք է առաջացնում, որ ժամանակակից Թուրքիայում որոշ առաջնորդներ չեն հրաժարվել օսմանյան շրջանի անհանդուրժողական եւ ռասիստական մոտեցումներից: Իհարկե, այդ հայտարարությունը ցնցող էր բոլորի համար եւ ոչ միայն Հայաստանում: 1914-1915-ին հենց այդպիսի հայտարարություններով է սկսվել Հայոց ցեղասպանությունը: Ավելի ուշ, 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերն ու տեղահանումները եւս ուղեկցվում էին այդպիսի ռասիստական հայտարարություններով»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան կարեւոր Հայաստանի համար, որ Թուրքիան ընդունի «ցեղասպանություն» ձեւակերպումը, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը:

«Մենք դիտարկում ենք քսաներորդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն որպես տուրք զոհերի հիշատակին, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու կարեւոր միջոց: Հավանաբար դուք գիտեք, որ Ռաֆայել Լեմկինը` «ցեղասպանություն» տերմինի հեղինակը, ներկայացրել է Հայոց ցեղասպանությունն իբրեւ մարդկության դեմ այդ ոճրագործության արտահայտության բացատրություն: Մենք չառաջադրեցինք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման, թեեւ դա բավականին բարդ էր մեզ համար: Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ապագա կառուցելու: Նելսոն Մանդելան մի անգամ ասել է. «Իրական հաշտեցում չի նշանակում անցյալի սոսկ մոռացում»:

Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Թուրքիայում սկիզբ առան որոշ գործընթացներ եւ շարժումներ` միտված ցեղասպանության ճանաչմանը: Որոշ թուրք մտավորականներ ինտերնետային «Ներողության արշավ» սկսեցին: 95 տարիների ընթացքում առաջին անգամ, այս տարվա ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշվեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ես հուսով եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա կարեւոր է հենց Թուրքիայի համար: Թուրքիայում շատերը սկսում են հասկանալ դա, իսկ Թուրքիայից դուրս գրեթե որեւէ մեկը կասկած չունի այդ առումով»,-ասել է ՀՀ արտգործնախարարը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է պահանջում Հայաստանը, բացի Թուրքիայի կողմից պատասխանատվության ընդունումից` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ իր անկախացումից սկսած Հայաստանը երբեք որեւէ հայտարարություն չի արել տարածքային պահանջների վերաբերյալ, որոշ թուրքական քաղաքական ուժեր օգտագործում են նման փաստարկներ թուրքական հասարակությունում վախ սերմանելու համար: Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցմանը, ապա, ըստ նախարարի, դա հիպոթետիկ հարց է: «Ամբողջ աշխարհում կան այն ժամանակ իրենց սեփականությունը կորցրած հայերի ժառանգներ: Նրանք կարող են իրավական ուղիներով փորձել բավարարել իրենց պահանջները` անկախ այն բանից ցեղասպանությունը ճանաչված է, թե` ոչ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---