15 հունիսի 2010 - 15:53 AMT
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էր հայ-վրացական սահմանազատման գործընթացը

Հունիսի 14-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ: Նախարարների հանդիպումը սկսվեց դեմ առ դեմ ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գրիգոլ Վաշաձեն բարձր գնահատեց տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցությունը, եւ նշեց, որ Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն առավել խորացնել եւ ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Թբիլիսի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունը շահագրգռված է ամրապնդելու եւ զարգացնելու բարիդրացիական հարաբերությունները:

Երկուստեք արձանագրվեց, որ նախարարների պարբերակական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցերին, քննարկվեց տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ հայ-վրացական սահմանզատման գործընթացը եւ այդ առումով երկու երկրների նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող հարցեր:

Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ` հատկապես Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերի, եւ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի հաջողության առումով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ դրական փորձառության շարունակությունը ապահովող քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: