Հայաստանում կնշեն Երաժշտության տոնը

Հայաստանում կնշեն Երաժշտության տոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: Փառատոնի նախաձեռնողներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Երևանյան համերգների ծրագիրը շատ հագեցած է`ժամը 11.00-13.00-ին Անգլիական այգում տեղի կունենա Մանկապատանեկան փողային նվագախմբերի համերգը, ժամը 13.00-15.00-ին Ազգային Ժողովի բակում կկայանա «Ունիսոն» հասարակական կազմակերպության համերգը:

Երեկոյան համերգները կշարունակվեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում (ժամը 20.00-22-00), որտեղ ելույթ կունենա «Դոմինանտուս» կամերային նվագախմբն ու երգչախումբը, Ազնավուրի հրապարակում (ժամը 20.00-23.00), որտեղ հրավիրվում են ռոք երաժշտության երկրպագուները, և Սիրահարների այգում (ժամը 20.00-24.00), որտեղ կհնչի ջազ և ֆոլկ երաժշտություն: Սիրահարների այգում հանդես կգան «Օգրը դը Բարբակ» և «Լավաշ» ֆրանսիական էթնո-ջազ խմբերը:

Ողջ երեկո համերգներ տեղի կունենան Աբովյան փողոցի սրճարաններում ու ռեստորաններում:

Մշակույթի նախարարության ջանքերով այս տարի ևս նախաձեռնությանը կմիանան Հայաստանի մարզերը: Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի 24 քաղաքներում և գյուղերում տեղի կունենան համերգներ տեղի ստեղծագործողների մասնակցությամբ: Ինչպես հայտնել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, ֆրանսիական «Օգրը դը Բարբակ» և «Լավաշ» խմբերը համերգներով հանդես կգան Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում և Գորիսում:

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում : Այն ժողովրդական տոն է և նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսևորումներին, ինչպես նաև հնարավորություն տալ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսևորվել հանպատրաստից համերգների միջոցով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---