Հակահայ դրսևորումներին արժանի հակահարված հասցնելը եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է

Հակահայ դրսևորումներին արժանի հակահարված հասցնելը եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրվա երեկոյան հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` Հայաստանին եւ Արցախին ցուցաբերվող հետեւողական աջակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայապահպանության գործում ներդրած զգալի ջանքերի համար: ՀՀ նախագահն ասել է, որ հայրենիքը մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հարատեւման գործում. “Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այդ ուղղությամբ”,-նշել է Սերժ Սարգսյանը:

Գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ համայնքի ներկայացուցիչներ ողջունել են ՀՀ նախագահի այցը Գերմանիա` այն համարելով նաեւ լավ առիթ` քննարկելու հայապահպանության խնդիրները եւ երկրի առաջին դեմքից տեղեկանալու Հայաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ վերջին զարգացումների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր Ադրբեջանի հասարակության մեջ տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու`արդյո՞ք նրանց նախնիների մեջ չկա հայկական արյուն: Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով: Այս հակահայ և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես` եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն այցի առաջին օրը նաեւ հարցազրույց է տվել գերմանական “Դոյչե Վելլե” հեռուստաալիքին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---