23 հունիսի 2010 - 14:10 AMT
Դաշտերով և անտառներով անցնող ԲԹՋ-ն շատ հեշտ է պայթեցնել

«Դաշտերով և անտառներով անցնող խողովակաշարը շատ հեշտ է պայթեցնել: Եվ կանխել նման տիպպի սաբոտաժը անհնար է»,-ասել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: Ըստ նրա, ահաբեկիչները, որոնք ոստիկանության բաժանմունքներ, բարձրահարկ շենքեր, ավիակիրներ են պայթեցնում, հեշտությամբ կարող են պայթեցնել նաև խողովակաշարը:

Փորձագետը հիշեցրել է, որ 2008թ. օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները պայթեցրին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը թուրքական տարածքում: «Նույնը կարող է կատարվել նաև այս անգամ»,-ասել է Շաբանը, հաղորդում է XalamNews-ը:

Նախօրեին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ ՔԱԿ-ի ահաբեկչական գրոհների ավելացման պատճառով ուժեղացվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Քիրկուկ-Յումուրթալիգ նավթամուղերի հսկողությունը:Այդ նպատակով համագործակցում են բանակը, ՆԳՆ ստորաբաժանումները և հատուկ նշանակության ջոկատները, ուստի հույս կա, որ խողովակաշարի հետ կապված պատահարներ չեն լինի:

Յիլդիզը հավելել է նաև, որ իր ղեկավարած նախարարությունը 3 շաբաթ առաջ ահաբեկիչների ակտիվացման մասին ստացած տեղեկությունների հիման վրա ուժեղացրել է անվտանգության ապահովումը:

2008 թվականի օգոստոսին ԲԹՋ-ն պայթեցվեց, որի արդյունքում նավթի տեղափոխումը կասեցվեց 2 շաբաթվով: