24 հունիսի 2010 - 19:17 AMT
Միջազգային օլիմպիական օրվա առթիվ ՀԱՕԿ նախաձեռնությամբ Հայաստանում և ԼՂՀ -ում հունիսի 26-ին նախատեսված են բազմազան միջոցառումներ

Միջազգային օլիմպիական օրվա առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախաձեռնությամբ Հայաստանում և ԼՂՀ -ում օլիմպիական օրվա շրջանակներում հունիսի 26-ին նախատեսված են բազմազան միջոցառումներ: Ավանդույթի համաձայն ամենամասսայականը վազքարշավն է: Երևանում այն կմեկնարկի հունիսի 26-ին` ժամը 10-ին, Հանրապետության հրապարակից և կավարտվի «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակում:

Յոթ տարիքային խմբով անցկացվող «Վազքարշավ - 2010»-ի հաղթողները և մրցանակակիրները կստանան ՀԱՕԿ-ի պատվոգրեր և դրամական մրցանակներ, իսկ մասնակիցները `ՄՕԿ-ի հավաստագրեր ու մարզաշապիկներ, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

Միջազգային օլիմպիական օրվա առթիվ բոլոր ԱՕԿ-ներին ուղերձ է հղել ՄՕԿ նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Միջազգային օլիմպիական օրը հիանալի առիթ է հանդիսանում խորհելու այն մասին, թե ինչ է տալիս մեզ սպորտը: Օլիմպիզմի գաղափարն այսօր միավորում է տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Սպորտը սովորեցնում է հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան , սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ: Ուրեմն բոլորս միասին մասնակցենք օլիմպիական օրվան նվիրված մարզական - մասսայական միջոցառումներին»:

Ամեն տարի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանու ներքո աշխարհի բոլոր երկրները կազմակերպում են օլիմպիական օրվան նվիրված բազմաթիվ մարզամշակութային միջոցառումներ, որոնց նպատակն է նշանավորել ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ ՄՕԿ- ի հիմնադրումը 1894թ. հունիսի 23-ին: Այդ օրը նշվում է որպես միջազգային օլիմպիական օր: Հայաստանում վազքարշավն այս անգամ նվիրված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակին: