Բակո Սահակյան. Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով

Բակո Սահակյան. Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/ եւ Իգոր Պոպովին /ՌԴ/: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, վերջին զարգացումներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը: Այս կապակցությամբ Նախագահը նշել է, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը:

Երկրի ղեկավարը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Նախագահը մեկ անգամ եւս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ այն խեղաթյուրելու եւ փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարեւորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձեւաչափի վերականգման եւ բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաեւ համանախագահները՝ ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է: Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---