Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 16-ին կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 16-ին կհանդիպեն Ալմաթիում

PanARMENIAN.Net - Ալմաթիում հուլիսի 16-17-ին տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպումը նախապատրաստում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բանակցություններն անցկացվելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի մասնակցությամբ:

ԵԱՀԿ մամլո ծառայությունը հայտնում է, որ գագաթաժողովում ի մի են բերվելու Կորֆուի գործընթացի շրջանակներում եվրոպական անվտանգության վերաբերյալ համընդգրկուն երկխոսության արդյունքները, քննարկվելու են ԵԱՀԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում համագործակցության այժմեական հարցեր նաև որոշվելու է այս տարի ԵԱՀԿ մասնակից-երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստման ծրագիրը: Գագաթաժողովին մասնակցելու են 40 նախարարներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---