ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: ԵԱՀԿ-ում ղազախական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակություններ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Արտգործնախարարների հանդիպումը բացեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:

ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Նախարար Նալբանդյանի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հանդիպման ժամանակ արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր ստորագրել նախարարական մակարդակով հաջորդ հանդիպմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Ալմաթիում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը փոխանցեց իր երկրի կառավարության երախտագիտությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի կարևոր ներդրման համար: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգթոնը անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերին, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցությանը: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Լիտվայի ԱԳ նախարարը հայտնեց, որ Երևան կայցելի հաջորդ տարվա սկզբին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---