Հասարակական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ նախագահին և Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ նախագահին և Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ. վերջին մեկ տարվա ընթացքում ազատազրկվածների թիվն աճել է ավելի քան 20%-ով։ Այդ մասին ասվում է քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ ՀՀ 14 հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են։ Մասնավորապես քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ։ «Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկտներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ըստ Հայաստանի 14 ՀԿ-ների համատեղ հայտարարության, գերբնակեցման հիմքում ընկած են հետևյալ պատճառները` հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից կալանավորում խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։ «Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածները մեկնաբանելիս (անձնական ազատության իրավունք) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն նշել են, որ կալանավորում խափանման միջոցը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց, այն դեպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացման բնականոն ընթացքը։ Այլ պատճառներից կարելի է նշել նաև այլընտրանքային պատիժների ոչ բավարար կիրառումը, ինչպես նաև վաղաժամկետ ազատման սակավ կիրառումը։ 2009թ.-ի տվյալների համաձայն վաղաժամկետ ազատվել են այդպիսի հնարավորություն ունեցող դատապարտյալների 14%-ը։ Մարդու իրավունքների զանգվածային խախտումները քրեակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում։

Հայտարարության ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունները կոչ են անում իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ; քրեական վարույթ իրականցնող մարմիններին, դատական իշխանությանը կալանավորում խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում` նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին; ՀՀ Վճռաբեկ դատարանին հետևողական լինել կալանավորում խափանման միջոցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունների` որպես նախադեպ կիրառությանը; դատական իշխանությանը ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան; ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը; ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---