31 հուլիսի 2010 - 18:25 AMT
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի 5-րդ սեմինարը տեղի կունենա Հայաստանում

Օգոստոսի 15-20-ը Հայաստանում տեղի կունենա ամենամյա Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի«/b» ամառային 5-րդ սեմինարը: Բարձրացվող հարցերի թվում են` արվեստի ընկալման գործում կոնտեքստուալ թարգմանության խնդիրը:

Սեմինարի ծրագիրը բաղկացած է ամենօրյա դասախոսություններից, քննարկումներից և շնորհանդեսներից։ Տեսական մասը տեղի կունենա Երևանում, օգոստոսի 15-17-ը: Սեմինարի երկրորդ և գործնական մասը պատրաստել են արվեստի նախագծման ծրագրի շրջանավարտները: Այսպես, «Հուշարձանի համայնքային ֆունկցիան» խորագրի ներքո նախատեսվող ցուցադրություններն ու քննարկումներն Իջևանում կընթանան օգոստոսի 18-20-ը:

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի ամառային սեմինարների ամենամյա ծրագիրն իրականացվում է SCCA-Ljubljana–ի, Ստամբուլի «BM Suma» կենտրոնի, Ալմաթիի SCCA-Alma-Aty կենտրոնի ու Կահիրեի «Townhouse» պատկերասրահի համագործակցությամբ:

Ամառային սեմինարը միավորում է տարբեր համատեքստերում գործող արվեստի համադրողներին` դասախոսությունների, գործնական սեմինարների, շնորհանդեսների և արվեստի տարածքներ այցելությունների ու այլ միջոցառումներով: