7 օգոստոսի 2010 - 12:44 AMT
Նենսի Փելոսի. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Վաշինգտոնի անկարողությունը խարխլում է ԱՄՆ-ի հեղինակությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի (ANCA-WR) անդամներն օրերս Բըրբանքում հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: ANCA-WR ներկայացուցիչները կարևորեցին Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի առաջխաղացումն ու պահանջեցին խոսնակ Փելոսիից քվեարկության դնել բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Իր հերթին Նենսի Փելոսին կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նա նշեց, որ չնայած նրան, որ ԱՄՆ նախագահության շատ թեկնածուներ են խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանցից ոչ մեկը դա չի արել:

Խոսնակը նշեց, որ Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների մասին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար, ԱՄՆ-ն պետք է սկզբից ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Վաշինգտոնի անկարողությունը խարխլում է ԱՄՆ-ի հեղինակությունը:

Թիվ 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես 2009-ի մարտին, կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Ջորջ Ռադանովիչի կողմից: Բանաձևն արդեն ունի 140 կողմնակից: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահին վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարտացոլի Հայոց ցեղասպանության հարցի համապատասխան ընկալումը: