Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնում` 7.25 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնում` 7.25 տոկոս

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

Այս տարվա հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%:

Խորհուրդը փաստել է, որ արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում եվրոյի փոխարժեքի արժևորման և առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են:

Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության և տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է որ, դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ:

Նկարագրված տնտեսական զարգացումների պայմաններում, հաշվի առնելով դեռևս պահպանվող անորոշությունները` կապված վերոնշյալ արտաքին գործոններին ներքին գների արձագանքման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գների փոփոխման հետագա ընթացքի հետ` խորհուրդն առավել նպատակահարմար է գտել դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսևորումից կախված, խորհուրդը չի բացառել հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ խորհուրդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---