Հայաստանի մանկատների սաները 350 հազարական դրամ են ստացել դպրոցն ավարտելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին հայկական դպրոցների 22 շրջանավարտներ` մանկատան սաներ, ավարտելու կապակցությամբ 350 հազարական դրամ են ստացել որպես նվեր: Այդ նպատակի համար արդեն երկրորդ անգամ իր տարեկան աշխատավարձն է փոխանցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը:

Ինչպես նշել է ՀՀԿ մարզային ծրագրերի իրագործման կոմիտեի ղեկավար Հովհաննես Սահակյանը, այդ գումարը կծառայի երեխաների առաջնային նվազագույն ծախսերը հոգալու համար: «Մենք ընտրեցինք Երևանի ու Հայաստանի մարզերի զանազան մանկատների ամենաանապահով երեխաներին: Նրանցից շատերը բուհեր ու քոլեջներ են ընդունվել և բնակավայրի խնդրի առաջ են կանգնել: Գումարը կծառայի նաև այդ նպատակին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հովհաննես Սահակյանը:

Շրջանավարտներին պլաստիկ քարտերի հանձնման հանդիսավոր արարողությանը ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց նրանց բուհ ընդունվելու և մասնագիտություն ընտրելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նրանք դեռ հպարտանալու առիթ կտան: «Հուսով եմ, որ այս ավանդույթը փոխ կառնեն այլ հասարակական գործիչներն ու գործարարները: Եվ հույս ունեմ, որ նրանցից յուրաքանչյուրը կյանքում կօգնի գոնե մեկ երեխայի»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---