Իրանը հեռակա գործողության անօդաչու ռմբակոծիչ է գործարկել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին ներկայացրել են երկրում կառուցված առաջին հեռակա գործողության անօդաչու ռմբակոծիչը:

«Կարրար» («Գրոհող») անունը կրող 4-մետրանոց անօդաչու ինքնաթիռը Իրանի նախագահին ցուցադրվել է օգոստոսի 22-ին` Իրանի պաշտպանական արդյունաբերության ազգային օրը:

Ավիա-նորույթի ցուցադրման արարողությունը հեռարձակվել է պետական հեռուստատեսության ուղիղ եթերով:

«Այդ ինքնաթիռը մահվան դեսպան է մարդկության թշնամիների համար, թեև խաղաղության և բարեկամության ուղերձ է կրում»,- այդ առիթով հայտնել է Ահմադինեջադը: Ինքնաթիռի նպատակն է «պարալիզել հակառակորդին նրա ռազմակայաններում», այն հանդես է գալիս որպես զսպման զենք, հաղորդում է MIGnews-ը:

Իրանը սեփական թեթև անօդաչու հետախույզ-ինքնաթիռներ է արտադրում սկսած 1980-ական թվականների վերջից:

1992-ից Իրանը սկսել է թողարկել նաև սեփական տանկերը, զրահապատ փոխադրիչները, հրթիռները, ականակիրներն ու կործանիչները:

Իրանը սեփական սպառազինության ստեղծման ծրագիր գործարկեց Իրաքի հետ 1980-88թթ. պատերազմի ժամանակ, որպեսզի կախում չունենա արտաքին զենքի մատակարարումից, առավել ևս, որ ԱՄՆ-ն արգելք էր դրել այդ մատակարարումների վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---