ReAnimania փառատոնի շրջանակներում կանցկացվի Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված հուշ-երեկո

ReAnimania փառատոնի շրջանակներում կանցկացվի Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված հուշ-երեկո

PanARMENIAN.Net - Միջազգային անիմացիոն ReAnimania կինոփառատոնի 25 ծրագրերից բացի, ներկայացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի հայ վարպետների մեծարման «Հայկական ներկապնակ» հատուկ ծրագիրը: Այս մասին հայտնել է փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին` օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, այս ծրագիրը հայ ռեժիսորներին հատուկ մրցանակներ շնորհելու միջոց չէ միայն: «Մենք հետևում ենք միջազգային կինոփառատոնի ի սկզբանե սահմանված սկզբունքին, ըստ որի փառատոնի շրջանակներում չենք կարող հայկական օրեր անցկացնել: Հավանական է, որ հայ անիմատորների առանձին մի փառատոն անցկացնենք, ReAnimania կինոփառատոնի շրջանակներից դուրս:

«Հայկական ներկապնակը» նախատեսում է ամեն օր մեկ ժամ նվիրել Հայաստանի հայտնի անիմատորներին, ովքեր հոբելյան են նշում, ինչպես օրինակ` Լյուդմիլա Սահակյանցը կամ Ստեփան Անդրանիկյանը: Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված առանձին ծրագիրը կանցկացվի փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 10-ին: Ռոբերտ Սահակյանցը եթե ողջ լիներ, այսօր կնշեր իր 60 ամյակը»,- նշել է Վրեժ Քասունին:

ReAnimania կինոփառատոնի ծրագրերից հարկ է նշել լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, դիպլոմային աշխատանքներ և այլ անվանակարգեր: Այս տարի սահմանվել է նաև հատուկ մրցանակ`կարճամետրաժ մուլտֆիլմերի համար հորինված լավագույն երաժշտության համար: «Դա հեղինակներին կդրդի հատուկ կարճամետրաժ ֆիլմերի համար երաժշտություն գրել: Միաժամանակ այն նաև միջազգային փառատոներում լայնորեն տարածված անվանակարգ է», - ընդգծել է Վրեժ Քասունին:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թ.:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---