Սեպտեմբերի 1-10 ՀՀ ոստիկանությունը կանցկացնի տասնօրյակ` «Զգուշացեք` երեխաներ են» կարգախոսով

Սեպտեմբերի 1-10 ՀՀ ոստիկանությունը կանցկացնի տասնօրյակ` «Զգուշացեք` երեխաներ են» կարգախոսով

PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ ծնողներին և երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում եմ նշել, որ ճանապարհատրանսպորտային ոստիկանությունն ամեն տարի ավանդաբար սեպտեմբերի 1-10-ը անց է կացնում «Զգուշացեք` երեխաներ են» կարգախոսով տասնօրյակ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորայր Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, տասնօրյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության ուժերը կկենտրոնացվեն ուսումնական հաստատությունների`դպրոցների, բուհերի մոտ: «Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին երեխաներին դպրոց ճանապարհելիս խցանումներ չառաջացնել ուսումնական հաստատությունների մոտ: Այն վարորդները, որոնք կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ այսօր Հայաստանի ողջ տարածքում դպրոցների հարևանությամբ կնորացվի փողոցների գծանշումը:

Ինչպես ասել է Նորայր Սարգսյանը, սեպտեմբերի 1-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարմանը կանցնեն առավոտյան ժամը 8:00-ից, սովորականից կես ժամ շուտ: Գնդապետը նաև բերել է նախորդ տասնօրյակի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: «Անցյալ տարի սեպտեմբերի 1-10 Հանրապետության ողջ տարածքում գրանցվել է 58 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 5, մարմնական վնասվածքներ է ստացել 71 մարդ: Այս տարի մենք ավելի լավ նախապատրաստվեցինք տասնօրյակին և ամեն ինչ կանենք, որպեսզի այն անցնի առանց ՃՏՊ-ի»,-ասել է Նորայր Սարգսյանը: Նա նշել է նաև, որ տասնօրյակի ընթացքում ՃՏՊ-ների քանակն ավելի քիչ է լինում, քան ցանկացած այլ տասնօրյակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---