2010-ին Հայաստանում ծխախոտի ցանքատարածքները հասցվել են 500 հեկտարի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի մարզպետների մասնակցությամբ այսօր քննարկվեցին խաղողի մթերման նախապատրաստական ընթացքին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետին ներկայացվեց յուրաքանչյուր մարզում մթերող ձեռնարկությունների հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև խաղողի ակնկալվող բերքի ծավալների մասին տեղեկատվություն: Նշվեց, որ նախորդ տարվա 128 հազ. տոննայի դիմաց այս տարի սպասվում է 134 հազ. տոննա մթերման ենթակա բերք, որի մթերման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շուրջ 35 ընկերությունների հետ:

Մթերման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներից խուսափելու համար Արմեն Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և մարզպետներին հանձնարարեց ևս մեկ անգամ հստակեցնել պայմանավորվածություններում արձանագրված պահանջները` կապված բերքի ծավալների, մթերման ժամկետների և գների հետ: Գյուղատնտեսության նախարարությանն ու մարզպետներին առաջարկվեց նաև մթերող ընկերություններում ներկայացուցիչներ ունենալ` մթերման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու համար:

Քննարկվեցին նաև հացահատիկի աշնանացանի հետ կապված խնդիրներ, մասնավորապես` հանրապետություն որակյալ սերմացուի ներմուծման և դրա բաշխման հետ կապված հարցերը: Գ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զագացման ծրագրի» համաձայն` ներմուծվելիք սերմացուի արդյունավետ օգտագործման նպատակով ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում, և առաջիկա տասն օրվա ընթացքում մարզերում կհստակեցվեն կոնկրետ ցանքատարածքներն ու հատկացվելիք սերմացուի քանակը:

Անդրադարձ եղավ նաև ծխախոտագործության զարգացման խնդիրներին: Նշվեց, որ նախորդ տարվա 300 հա-ի դիմաց այս տարի ծխախոտի ցանքատարածքները հասցվել են 500 հա-ի: Մարզպետները հատկապես կարևորեցին այս ճյուղի զարգացումը` հաշվի առնելով գյուղացիների աճող հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---