Համաշխարհային բանկի փոխնախագահը կծանոթանա Հայաստանի վերջին տնտեսական և սոցիալական զարգացումներին

Համաշխարհային բանկի փոխնախագահը կծանոթանա Հայաստանի վերջին տնտեսական և սոցիալական զարգացումներին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն սեպտեմբերի 9-12-ը կայցելի Հայաստան: Այցելության նպատակը երկրի ղեկավարության` նախագահի, վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային գործընկերների, գործարար հանրության և քաղաքացիական հասարակության հետ վերջին տնտեսական և սոցիալական զարգացումները և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի տնտեսական վերականգնմանն աջակցելու հնարավոր ուղիները քննարկելն է:

«Ուրախ եմ տեսնել, որ տնտեսական ճգնաժամից հետո երկրում աճ է գրանցվում: Մենք պետք է աշխատենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի դիմագրավենք ապագա մակրոտնտեսական անկայունությունն ու ռիսկերը և ամրապնդենք տնտեսության վերականգնման հիմքերը,- նշել է Ֆիլիպ լը Ուերուն: - Համաշխարհային բանկը շարունակելու է իր աջացությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են տնտեսական աճի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և անապահով ու խոցելի խավերին օժանդակությանը: Դրանք են` գյուղական ճանապարհների, աղքատներին ուղղված սոցիալական աջակցության, ջրամատակարարման, առողջապահական կենտրոնների վերականգնման և այլ ծրագրեր»:

Հայաստանում լը Ուերուն կայցելի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի վայրեր` Արմավիր քաղաքի վերջերս վերակառուցված հիվանդանոց, Արմավիրի վերականգնված ջրանցք, Շենգավիթի համայնքում առաջին ատյանի վերակառուցված դատարան և հիդրոէլեկտրակայան Դիլիջանում: Նա կգնահատի Հանքավանում Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև կմասնակցի Երևանի Էրեբունի համայնքում կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացման արարողությանը:

Պարոն լը Ուերուն կմասնակցի նաև Համաշխարհային բանկի և կառավարության համատեղ կազմակերպած` Դիլիջանում կայանալիք մեկուկես օր տևողությամբ բարձր մակարդակի քննարկմանը: «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով այս ֆորումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես կարող են հետճգնաժամային հանրային քաղաքականությունը խթանել ներդրումները, արտահանումն ու աղքատության հաղթահարումը Հայաստանում, և թե ինչպես կարող է Համաշխարհային բանկը շարունակել իր աջակցությունն այս ուղղությամբ, հաղորդում է ՀԲ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Համաշխարհային բանկի` Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության 2009-2012 թթ. ծրագիրը մեկնարկել է 2009 թ. հունիսին: Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա: Այն կենտրոնանում է կարճաժամկետ հատվածում սոցիալական խոցելիության և անապահով խավերի վրա ճգնաժամի անբարենպաստ ազդեցության մեղմացման, ինչպես նաև, միջնաժամկետ հատվածում` տնտեսական մրցունակության և աճի խթանման անհրաժեշտության վրա: 2009-2012 թթ. ռազմավարության շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) տրամադրում են 545 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Հայաստանում իր գործունեության ընթացքում Համաշխարհային բանկն իրականացրել է 54 ծրագիր` 1 միլիարդ 373 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---