Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը ստացել է М100 Media Prize 2010 եվրոպական մրցանակը

PanARMENIAN.Net - Դանիացի 75-ամյա ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդը ստացել է հեղինակավոր М100 Media Prize 2010 եվրոպական մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում խոսքի ազատության և ժողովրդավարության պաշտպանության գործում ունեցած ավանդի համար: Ելույթ ունենալով պարգևատրման արարողության ժամանակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ մամուլի ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության անխախտելի արժեքն է:

«Մենք խոսում ենք կարծիքների արտահայտման ազատության և մամուլի ազատության մասին: Մենք խոսում ենք այն մասին, թե թույլատրվում է նրան արևմտյան հասարակության պայմաններում հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը թերթում, թե ոչ»,- ասել է Մերկելը` խոսելով Վեստերգաարդի մասին: «Կարևոր չէ, այդ ծաղրանկարները անճաշակ են, թե ոչ: Հարցը նրանում է, թե նա կարող է դա անել: Այո, կարող է»,- հավելել է կանցլերը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, սոցիոլոգիական հարցումների տվյալները խոսում են այն մասին, որ Գերմանիայի 10 բնակիչներից 6-ը, որտեղ Դանիայի նման ծառացած է կրոնական և էթնիկական համայնքների ինտեգրացիայի խնդիրը, արտահայտվում են Վեստերգաարդի պաշտպանության և մարգարեի ծաղրանկարների հրապարակման օգտին:

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերի խոսքերով, երկրում բնակվում է շուրջ 15 մլն ներգաղթյալ, որոնցից 4 մլն-ը մահմեդական է: Շուրջ 1 մլն ներգաղթյալներ, գլխավորապես կանայք, գերմաներեն չեն խոսում, յուրաքանչյուր 5-րդ ներգաղթյալ չի ավարտել միջնակարդ դպրոցը: Շատ եվրոպական երկրներում այսօր մտավախություն կա, որ եվրոպական բարձրաշխարհիկ արժեքներին սպառնում են պահպանողական իսլամական ավանդույթները:

2005-ին դանիական Jyllands-Posten թերթը հրապարակել էր Վեստերգաարդի մի քանի ծաղրանկարներ` նվիրված Մուհամեդ մարգարեին: Նրանից բացի ևս 11 նկարիչներ տեղադրել էին իրենց ծաղրանկարները, բայց նա ամենասուր նկարների հեղինակն էր: Այսպես կոչված «դանիական ծաղրանկարները» վերատպել են շուրջ 50 թերթեր և դա բողոքի ալիք է առաջացրել մահմեդական աշխարհում: Շատ մահմեդականներ կարծում են, որ այդ ծաղրանկարները չափազանց վիրավորական են:

Զանգվածային բողոքների ընթացքում ցուցարարները այրել են Դամասկոսում և Բեյրությում գտնվող Դանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, իսկ Նիգերիայում, Լիբանանում և Պակիստանում անկարգությունների հետևանքով մահացել են տասնյակ մարդ: Դանիական ոստիկանությունը հաղորդել է Վեստերգաարդի վրա կանխարգելված մահափորձերի մասին, իսկ նա կնոջ հետ գտնվում է շուրջօրյա հսկողության տակ` վախենալով սեփական կյանքի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---