Հայկական Grand Candy ընկերության շոկոլադե սալիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Հայկական Grand Candy ընկերության շոկոլադե սալիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Երևանում կայացել է հայկական Grand Candy ընկերությանը հավաստագիր հանձնելու պաշտոնական արարողությունը, որը պատրաստել է աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը 4 տոննա 410 կգ քաշով` սահմանելով Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը: Հավաստագիրը հանձնելու համար Հայաստան է ժամանել Գինեսի ռեկորդների գրքի իրավաբանական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը:

Ինչպես հայտնել է լրագրողներին ընկերության սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը, դառը շոկոլադի սալիկը պատրաստվել է 4 օրվա ընթացքում, նրա երկարությունը 5600 մմ է, լայնությունը` 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատարստվել է դառը շոկոլադի ավանդական տեխնոլոգիայով: Նման սալիկի արտադրության նախկին ռեկորդը սահմանվել է Իտալիայում 2007-ին, որի քաշը կազմել է 3 տոննա 850 կգ: Grand Candy (Մեծ կոնֆետ) ընկերության ղեկավարի խոսքերով, ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստելու գաղափարը կապված է ընկերության անվանման, ինչպես նաև նրա գործունեության 10-ամյակի հետ, որը նշվելու է հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում: Դրա հետ կապված` Կարեն Վարդանյանը բոլոր ցանկացողներին հրավիրեց մասնակցել տոնակատարությանը և համտեսել աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը: Այդ ընթացքում հսկայական սալիկը կպահվի համապատասխան պայմաններում` իր համային որակները պահպանելու համար:

Իր հերթին Էլիզաբեթ Սմիթն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, արդեն երեք օր անցկացրել է գործարանում և տպավորված է այդ հոյակապ գաղափարով: «Ես առաջին անգամ եմ հավաստագիր հանձնում այս անվանակարգում, և քանի որ շոկոլադ շատ եմ սիրում, սա ինձ համար կրկնակի հաճույք է»,- ասել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---