17 սեպտեմբերի 2010 - 16:36 AMT
Անդրեյ Նեստերենկո. Ռուսաստանի ԱԳՆ-ն չի զբաղվում սպառազինության վաճառքով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի կողմից իբր Ադրբեջանին (3PK) C-300-ի ծրագրվող վաճառքի մասին տեղեկատվությունը: «Արտաքին գործերի նախարարությունը չի զբաղվում սպառազինության վաճառքով: Դրա համար գոյություն ունեն մի շարք մասնագիտացված պետական գերատեսչություններ, որոնք գործում են օրենսդրությանը համապատասխան և համապատասխան ենթակայություն ունեն: Եվ այդ հարցով ես խորհուրդ կտայի նրանց դիմել: Բոլոր այդ գերատեսչությունները ձեզ քաջ հայտնի են»,- ավելացրել է դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի վերջին «Ռոսօբորոնէքսպորտն» ու Ադրբեջանը գործարք էին կնքել C-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոնի մատակարարման վերավերյալ: Սակայն դրանից կարճ ժամանակ անց «Ռոսօբորոնէքսպորտի» պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն հերքեց այդ տվյալները: Նրա խոսքով, «Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»: Միևնույն ժամանակ սեպտեմբերի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովին, հաղորդել էին, որ գործարքն իրականացման փուլում է գտնվում: Նա այն ժամանակ ավելացրել էր, որ այդ հարցի շուրջ բանակցությունները Մոսկվայի ու Բաքվի միջև ընթանում են սկսած 2007 թվականից: