«Շանհայ Էքսպո-2010»-ում ՀՀ վարչապետը ողջ աշխարհին հրավիրել է մասնակցելու ապագայի քաղաքի շինարարությանը

«Շանհայ Էքսպո-2010»-ում ՀՀ վարչապետը ողջ աշխարհին հրավիրել է մասնակցելու ապագայի քաղաքի շինարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվել է նաև հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված էր Հայաստանի Ազգային օր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Տոնական հանդիսությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ, որոնց մուտքի մոտ դիմավորել է «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին։ Պաշտոնական ընդունելությունների սրահում ՀՀ վարչապետի ու Լիյ Թիայ Յինի զրույցից հետո Տիգրան Սարգսյանը գրառում է կատարել պաշտոնական հյուրերի հուշամատյանում։

«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որն ընթանում է «Լավագույն քաղաք, լավագույն կյանք» կարգտախոսի ներքո, Շանհայում բացվել է այս տարվա ապրիլի 30-ին և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Հայաստանի տաղավարն իրենից Աշխարհի Քաղաքի` ապագայի նոր կենդանի մոդուլի մոդել է ներկայացնում:

Ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը Ազգային օրվա միջոցառումներին` «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ցուցահանդեսին գերազանց մասնակցության համար։ Նրա խոսքով, Հայաստանը, որը գտնվում է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում, նպատակային շարժվում է իր լուսավոր ապագայի կառուցմանը, որի լավագույն վկայությունն է նաև ցուցահանդեսին հայկական կողմի ներկայացրած տաղավարը։ Լիյ Թիայ Յինը բարձր է գնահատել նաև նախագծի վիրտուալ ներկայացումը` համարելով այն ողջ ցուցահանդեսում լավագույն համանման կատարումներից մեկը։

«Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձևակերպել աշխարհի նոր ուղղվածությունը։ Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն է, որ նոր աշխարհը մենք պետք է կառուցենք միասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսակետը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին՝ մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

ՀՀ վարչապետը բոլորին հրավիրել է մասնակցելու Արարատյան դաշտավայրում կառուցվելիք նոր քաղաքի շինարարությանը: Նա հույս է հայտնել, որ այդ քաղաքի շինարարությունը նոր էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքակրթության պատմության համար։

Հայկական տաղավարն օրական 20 հազ. մարդ է այցելում, իսկ աշխատանքի ողջ ժամանակաընթացքում տաղավար են այցելել ավելի քան 2 մլն. այցելուներ 53 մլն-ից, որոնք այցելել են «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---