Հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում կիրականացվի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը

Հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում կիրականացվի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին տեղեկացրեցին առաջիկա փաստահավաք առաքելության նախապատրաստման մասին, որը կիրականացվի հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ժնևում և Նյու Յորքում ՄԱԿ ներկայացուցիչների հետ նախնական շփումից հետո համանախագահները ՄԱԿ Զարգացման ծրագրի և փախստականների հետ աշխատանքի Գերագույն հանձնակատարի փորձագետներին պաշտոնապես հրավիրեցին մասնակցելու առաքելությանը:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին ծանոթացրեցին նաև հետագա ամիսների համար իրենց ծրագրերին` ներառյալ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստումը:

Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---