30 սեպտեմբերի 2010 - 11:35 AMT
Շվեյցարիայի ԱԳ նախարար. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ

Սեպտեմբերի 29-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: Պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:

Առաջին հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ էր: Հանդիպման սկզբում Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց տիկին Կալմի-Ռեյին սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ է նաև շվեյցարահայության դերը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պայմանավորվածություն է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: ԱԺ նախագահը նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ. այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար : «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակեց տիկին Կալմի-Ռեյը: Նա բարձր գհահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով քաղաքական խիզախություն, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: