Աշխարհասփյուռ հայերը միասնական կառույցո՞վ կներկայանան աշխարհին

PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նախաձեռնում է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» խորագիրը կրող գիտաժողով` հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակման նպատակով: Մեկօրյա գիտաժողովը տեղի կունենա շաբաթ օրը, նոյեմբերի 20-ին, համալսարանի Town & Gown սրահում:

Գիտաժողովի մասնակիցները կդիտարկեն աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու հնարավորությունը, որը կկարողանա ներկայացնել համայն աշխարհի հայությանը` բացառությամբ Հայաստանի և Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն: Ընտրված ներկայացուցիչների այսպիսի հավաքական մարմինը կարող է իրավացիորեն հայտարարել, որ ներկայացնում է Սփյուռքի հայությանը:

«Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներ են, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք համակված են այս վեհ գաղափարով: Սակայն, հակառակ հայ ժողովրդի միասնականության վերաբերյալ գեղեցիկ ճառերին, բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անհասանելի: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել են անմիաբան ու անհաշտ», ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Ընտրված ղեկավարությունը, առաջին անգամ լինելով կարող է միջազգային մի կազմակերպություն ստեղծել` հզոր քաղաքական և տնտեսական կարողությամբ, որն ի վիճակի կլինի նպաստել հայկական շահերին, պահպանել մշակութային արժեքներն ու պաշտպանել հայության իրավունքները:

Գիտաժողովի բանախոսներն են` Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, փաստաբան Մարկ Գիրագոսը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, լրագրող և հեղինակ Մարկ Արաքսը, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը (ՀԿՀ), պրոֆեսոր Ստեփան Հ. Աստուրյանը (Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի), դոկտոր Կայծ Մինասյանը (Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ, Փարիզ), Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը (ավագ խորհրդական, Միավորված ազգերի կազմակերպություն, Վիեննա), պրոֆեսոր Լևոն Մարաշլյան (Գլենդեյլի համայնքային քոլեջ) և պրոֆեսոր Էնդրյու Դեմիրճյանը (Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Լոնգ Բիչ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---